Western:

Շաբաթօրեայ Դպրոցի սիրելի աշակերտներ, ծնողներ և աշխատակազմ,

Կը մաղթեմ ուրախ եւ առողջ գարուն:

Ձեզմէ իւրաքանչիւրը իմ մտքիս եւ աղօթքներուս մէջ էք: Յուսամ կը մնաք առողջ եւ անվտանգ:

Այս դժուար ժամանակներուն, լաւագոյնն է զբաղուած մնալ, ֆիզիքապէս եւ մտապէս:

Հիմա որ բոլորս պարտադրուած ընդմիջում կ’ապրինք, անհրաժեշտ է ստեղծել նոր վարժութիւն մը, որպէսզի կարենանք դիմադրել մեր ամենօրեայ փոփոխութիւնները: Նախապայմանն է, որ մնանք հանդարտ եւ շարունակենք լեցնել մեր օրակարգը կառուցողական եւ դրական գործունէութիւններով:

Առաջարկներ՝ ընտանիքով հետաքրքրական ժամանակ անցնելու նպատակով.

– Դասաւորեցէք ձեր օրը՝ ծրագրելով, թէ ինչ կ՚ուզէք ընել եւ ինչպէս:
– Կարդացէք գիրքեր։ Կարդացէք նաեւ ընտանիքին հետ միասին:
– Գոց սորվեցէք ասացուածքներ գրողներու ստեղծագործութիւններէն եւ Աստուածաշունչէն տողեր:
– Նամակներ գրեցէք ձեր ընկերներուն եւ հարազատներուն:
– Հայերէն լեզուով բառացանկ պատրաստեցէք, որպէսզի ձեր զաւակները խօսելու եւ գրելու ժամանակ յիշեն ու օգտագործեն այդ բառերը։
– Օրագիր պահեցէք եւ սորվեցուցէք ձեր զաւակներուն իրենց օրագիրները պահել:
– Նոր հմտութիւններ ձեռք բերէք առցանց նիւթերէ։ Բազմաթիւ կայքեր գոյութիւն ունին, ուր կարելի է գտնել, թէ ինչպէս այս կամ այն բանը ընել կամ շինել: Վիքիպետիան, YouTube- ը եւ նման այլ կայքերը տեղեկութիւններով առատ են:

Հետեւեալ օրինակները կրնան ձեզ հետաքրքրել.—

https://armenianweekly.com/author/alik-arzoumanian/

Home


https://www.overdrive.com/apps/libby/
– Սորվեցէք / սորվեցուցէք կարել: Ընտանիքով հետաքրքիր ժամանակ անցուցէք կարելով ինկած կոճակներ, պատռուած հագուստներ, ծակուած գուլպաներ:
– Սեղանի խաղեր խաղցէք (ճատրակ, բառախաղեր, եւ այլն), երաժշտական գործիքներ նուագեցէք, ձեռային արուեստի աշխատանքներ ըրէք, բանաստեղծութիւն գրեցէք, ընտանեկան տեսերիզներ պատրաստեցէք, նոր ճաշեր սորվեցէք պատրաստել, եւ այլն:
– Որոշ բոյսեր աճեցուցէք տան մէջ (ոսպ, սիսեռ, լուբիա) եւ հոգ տանելու պատասխանատուութիւնը տուէք ձեր զաւակներուն:
– Մարմնամարզանքներ ըրէք:
– Մի մոռնաք օրուայ ընթացքին ստեղծել առանձնանալու եւ հանդարտ ժամանակ անցնելու պահեր:
– Եւ վերջապէս՝ աղօթեցէք ձեր ընտանիքներուն, ընկերներուն, դրացիներուն, առաջնագիծի բոլոր աշխատողներուն, խնամք տանողներուն, հիւանդապահներուն, գիտնականներուն, քաղաքագէտներուն, եւ աշխարհի բժիշկներուն համար:
Facebook/TorontoArmenianChurch

………………………………….
Eastern:

Շաբաթօրյա դպրոցի սիրելի աշակերտներ, ծնողներ և աշխատակազմ։

Իմ մտքերն ու աղոթքները Ձեզանից յուրաքանչյուրի հետ են: Եղե’ք առողջ և անվտանգ: Ուրախ և Առողջ Գարուն։

Փորձը ցույց է տալիս, որ ֆիզիկական և մտավոր զբաղվածությունը օգնում է մարդկանց թեթևությամբ անցկացնել ծանր ժամանակները:

Այժմ, երբ մենք բոլորս փոխել ենք մեր առօրյան, պետք է այնպես կազմակերպենք մեր օրը, որպեսզի կարողանանք հաղթահարել աշխարհում և մեր շրջապատում կատարվող փոփոխությունները: Դա իրագործելու համար պետք է հանգիստ մնալ ու ժամանակը հաճելի զբաղմունքով լցնել:

Առաջարկներ՝ ընտանիքով հետաքրքիր ժամանակ անցկացնելու նպատակով.
– Կառուցեք ձեր օրը՝ պլանավորելով, թե ինչ եք ուզում անել և ինչպես:
– Կարդացեք գրքեր։ Դա արեք նաև ընտանիքի հետ միասին:
– Անգիր արեք արտահայտություններ հայտնի գրողների ստեղծագործություններից և հատվածներ Աստվածաշնչից:
– Գրեք նամակներ ընկերներին և հարազատներին:
– Պատրաստել հայերեն լեզվով բառացանկ, որպեսզի երեխաները խոսելու և գրելու ժամանակ հիշեն ու օգտագործեն այդ բառերը։
– Օրագիր պահեք և սովորեցրեք երեխաներին վարել իրենց օրագրերը:
– Առցանց նյութերից ձեռք բերեք նոր հմտություններ։ Գոյություն ունեն շատ կայքեր, որտեղ կարող եք գտնել, թե ինչպես այս կամ այն բանն անել: Վիքիպեդիան, YouTube- ը և նման այլ կայքերը լի են տեղեկատվությամբ:
– Ձեզ կարող է դուր գալ սրանցից որևէ մեկը.

https://armenianweekly.com/author/alik-arzoumanian/

Home


https://www.overdrive.com/apps/libby/
– Սովորեք / սովորեցրեք կարուձև: Ընտանիքով հետաքրքիր ժամանակ անցկացրեք՝ կարելով պոկված կոճակները, պատռված շորերը կամ ծակված գուլպաները:
– Խաղացեք սեղանի խաղեր (շախմատ, շաշկի), նվագեք երաժշտական գործիքներ, սովորեք արհեստներ, նկարեք, պատրաստեք գրություններ, ընտանեկան տեսանյութեր, փորձեք նոր բաղադրատոմսեր և այլն:
– Սովորեցրեք երեխաներին տան պայմաններում աճեցնել որոշ բույսեր (ոսպ, սիսեռ, լոբի ) և հոգ տանել դրանց մասին:
– Կատարեք մարմնամարզություն:
– Մի մոռացեք ձեր առօրյայում ստեղծել առանձնանալու և ինքներդ ձեզ հետ մենակ մնալու հնարավորություն:
– Եվ վերջապես՝ աղոթեք ձեր և ձեր ընտանիքների, ընկերների և հարևանների, առաջնագծի բոլոր աշխատողների, խնամակալների և աշխարհի բժիշկների համար:
Facebook/TorontoArmenianChurch